AM
16 Մարտ 2020 - 08:48 AMT

Իտալիայից հատուկ չվերթով ժամանածներին մեկուսացրել են Դիլիջանում

Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում տեղեկայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում, որն ունի առանձնացված ենթակառուցվածքներ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«ՊՆ-ն կառավարության կողմից լիազորված է կոորդինացնելու, օգտագործելու իր բոլոր ենթակառուցվածքներն ու միջոցները սանիտահիգիենիկ և համաճարակային միջոցառումների կազմակերպման և բնակչության, առաջին հերթին զինծառայողների, սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովելու համար:

Ըստ անհրաժեշտության՝ ՊՆ-ն, պետական գերատեսչությունների հետ համագործակցելով, իր ամբողջ ներուժն ու ենթակառուցվածներն ի սպաս է դնելու կորոնավիրուսի կանխարգելման և վերացման համար: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ուսուցման կազմակերպման գործընթացի վրա այս որոշումը որևէ ազդեցություն չի ունենալու: Վարժարանի տարածքը կանխարգելիչ միջոցառումներից հետո կախտահանվի»,- ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ Atlantis European Airways ավիաընկերության կողմից Հռոմից իրականացված թռիչքի ուղևորները մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր։ Նրանք այնտեղ 14-օրյա կարանտինի մեջ կգտնվեն:

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից