Կառավարության առաջարկով արտակարգ դրության (ԱԴ) ընթացքում տեղեկատվության հրապարակման կարգը խախտելու համար առաջարկված՝ տուգանքի դրույքաչափը կփոխվի։ Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխությունների լրամշակված օրինագիծը: «Լրատվական գործունեություն իրականացնողի կողմից արտակարգ դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը» կառաջացնի 100-300 հազար դրամ տուգանք։ Նախկինում նույն խախտման համար նախատեսվում էր 500-800 հազար դրամ տուգանք։
Նշված տույժից հետո 1 օրվա ընթացքում արտակարգ դրության ժամանակ նշված հրապարակումը չվերացնելը կպատժվի 500 հազարից 1 մլն դրամ տուգանքով։
ՀՀ-ում մարտի 16-ից 1 ամսով արտակարդ դրություն է հայտարարված։ Դրա շրջանակում խոսքի ազատության սահմանափակումներն առաջացրել են թե ԶԼՄ-ների, թե միջազգային կառույցների (օրինակ՝ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության) քննադատությունը։ Լրագրողները, մասնավորապես, բողոքում են միջազգային լրահոսը լուսաբանելու սահմանափակումից։ Մարտի 20-ին կառավարությունը փոփոխել էր ԶԼՄ-ներին վերաբերվող կետը՝ թույլ տալով լուսաբանել արտասահմանում կորոնավիրուսի հետ կաված իրավիճակը՝ այլ երկրների ու ՀՀ կողմից անդամագրված կազմակերպությունների պաշտոնական լրահոսից։






