AM
23 Մարտ 2020 - 08:43 AMT

Պահպանե՛ք հեռավորություն․ Հայաստանում մեկնարկել է #DisbrandChallenge-ը

ԼՈՖԹ կենտրոնն օրեր առաջ մեկնարկեց DISINFECT your brand! նախաձեռնությունը, որի շրջանակում հայտարարեց նոր մարտահրավերի՝ #DisbrandChallenge-ի մասին՝ կոչ անելով հայաստանյան ընկերություններին միանալ կորոնավիրուսի կանխարգելման մարդասիրական գործընթացին։

#DisbrandChallenge-ի շրջանակում ընկերությունը ժամանակավորապես չնչին փոփոխության է ենթարկել իր տարբերանշանը և կարգախոսը. տարբերանշանի տառերն իրարից հեռացվել են, իսկ նախկին «Բոլորն այստեղ են» կարգախոսի փոխարեն ի հայտ է եկել նորը՝ «Բոլորը տանն են»: Այդպիսով ԼՈՖԹ-ը մեկ անգամ ևս շեշտում է տնից ավելորդ անգամ դուրս չգալու, սեփական և այլոց կյանքը վտանգի տակ չդնելու, ինչպես նաև բոլոր պայմաններում անվտանգ հեռավորություն պահպանելու կարևորությունը:

Նախաձեռնությունը մեծ ոգևորությամբ է ընդունվել տեղական այլ ընկերությունների կողմից, և 2 օրում ԼՈՖԹ-ի մարտահրավերին արձագանքել է մոտ 100 մեծ ու փոքր բրենդ տարբեր ոլորտներից՝ բանկերից մինչև գովազդային ընկերություններ:

Չելենջը դեռ շարունակվում է. ընկերությունները փոփոխում են իրենց տարբերանշանը, նշում 3 այլ գործընկեր բրենդերի և մարտահրավեր նետում նրանց: Դա փոքրիկ և ջանք չպահանջող ներդրում է մարդկանց իրազեկելու և բարի ու խուճապ չստեղծող մեթոդներով կարևոր հորդորները տեղ հասցնելու բարդ գործում:

#DisbrandChallenge-ին միացած ընկերությունների փոփոխված տարբերանշաններն ամբողջությամբ ընկերության ֆեյսբուքյան էջում են։