AM
23 Մարտ 2020 - 10:03 AMT

ՊԲ-ում կորոնավիրուսով վարակման դեպք չկա

Պաշտպանության բանակում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել, զորամասերը և զինվորական հոսպիտալներն ապահովված են ախտահանիչ և համաճարակային հիվանդությունների կանխարգելման համար անհրաժեշտ միջոցներով, տեղեկացնում է ԱՀ ՊՆ-ն։

Մարտի 22-ին ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ցուցումով ռազմաբժշկական ծառայության պետ, գնդապետ Հրաչ Եգորյանը ստուգայցեր է կատարել ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր և հոսպիտալներ` ծանոթանալու բանակում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ կազմակերպվելիք հակահամաճարակային գործընթացների ընթացքին:

Ներկայումս ձեռնարկվում են հակահամաճարակային անհրաժեշտ բոլոր միջոցառումները բանակը վիրուսի տարածումից զերծ պահելու համար, զորամասերում կատարվում են ախտահանիչ գործողություններ, անձնակազմն ապահովված է դիմադրողականության բարձրացման համար համապատասխան դեղորայքով։

Զինծառայողների հետ անցկացվում են սանիտարահիգիենիկ անվտանգության բարձրացման վերաբերյալ ուսուցողական պարապմունքներ, որոնց արդյունքների և առաջացած պրոբլեմային հարցերի մասին պարբերաբար զեկուցվում է բանակի հրամանատարին:

Բանակի ռազմաբժշկական ծառայության պետհ ստուգել է ներքին վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, սանիտարական վիճակը, անձնակազմի շրջանում կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված բանակի հրամանատարի հանձնարարականների կատարման ընթացքը:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Հայաստանում մարտի 23-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը 194 է, որից 2-ն ապաքինվել է։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: