Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարել է, որ սոցիալական աջակցության առաջնահերթ թիրախում պետք է լինեն կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձած քաղաքացիները։
Փաշինյանը խոսել է այդ մասին՝ անդրադառնալով քաղաքացիների հետ իր ունեցած հեռախոսազրույցի ընթացքում շոշափված հարցերին: Նա հանձնարարել է պատասխանատուներին՝ շարունակել միջգերատեսչական աշխատանքը գեներացված գաղափարների լրամշակման ուղղությամբ և դրանց հիման վրա մարտի 29-ին քննարկման ներկայացնել սոցիալական աջակցության միջոցառումների փաթեթի ընդլայնման, հասարակության առանձին շերտերին օժանդակության տրամադրման նախագիծ:
Քննարկվել են սոցիալական առանձին խմբերի համար ստեղծված իրավիճակի մեղմման ուղղությամբ հետագա քայլերը, օժանդակության գործիքները և մեխանիզմները: Ամփոփվել են նախորդ քննարկման ժամանակ հնչած գաղափարները, ներկայացվել են կառավարության կողմից ավելի վաղ ընդունված սոցիալական աջակցության փաթեթի շահառուների շրջանակի ընդլայնմանը միտված մի շարք առաջարկություններ:
Խորհրդակցությանը քննարկվել են նաև կառավարության կողմից հաստատված տնտեսական և գյուղատնտեսական աջակցության ծրագրերի իրականացման կարգին վերաբերող հարցեր:






