Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ մարտի 30-ին իրականացրած անհաջող դիվերսիոն ներթափանցման փորձից հետո Ադրբեջանի համապատասխան ծառայությունները տեղեկատվական գրոհի են անցել սոցիալական ցանցերի հայկական տիրույթում` այս անգամ թիրախավորելով Նոյեմբերյանում տեղակայված զորամասերը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Հայկական ջարդված և կեղծ օգտահաշիվներով ապատեղեկատվություն է տարածվում, թե իբր Նոյեմբերյանի շրջանում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում և ստորաբաժանումներում կորոնավիրուս է տարածվել։ Այս ապատեղեկատվությունը տարածում են տարբեր հայկական խմբերում։ Կոնկրետ սա տեղադրվել է արցախյան խմբերից մեկում, որը շատ արագ հեռացվել է խմբի ադմինի կողմից»,- գրել է նա։
Պն խոսնակը խնդրում է նման բովանդակությամբ նյութերի հանդիպելիս չտարածել և անհապաղ հայտնել խմբերի ադմիններին։
Մարտի 30-ին Տավուշի ուղղությամբ հակառակորդը դիվերսիայի փորձ է արել և հետ շպրտվել: Թիրախավորվել էին, մասնավորապես, Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել Ոսկեվանի բնակիչ մեկ երեխա, որն այդ պահին գտնվել է պատշգամբում: Վիրավորում ստացած երկու զինծառայողը տեղափոխվել են Երևան, քանի որ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության որդեգրած մոտեցումն է այդպիսին:






