ՀՀ-ում ապրիլի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայող չկա, բուժվողների, մեկուսացված և ինքամեկուսացածների թվաքանակը նպատակահարմար չէ բարձրաձայնել, հայտարարել է ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը։
Նրա խոսքով՝ բուժվող զինծառայողների թիվը չնչին է, բուժումն ավարտած ու զինծառայության անցածները 6 հոգի են, թոքաբորոբով հիվանդներ չկան։
ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի խոսքով՝ շարժական լաբորատորիաներում 165 զինծառայողից փորձանմուշ է վերցվել, նրանց մեծ մասի դեպքում արդյունքը բացասական է։ Օհանյանը հայտնել է նաև, որ մոտ 600 փարձանմուշ ավելի վաղ ուղարկվել է հայ-ամերիկայն լաբորատորիա։
Շարժական լաբորատորիաների կազմում ներգրավված է համատեղ հայ-ռուսական աշխատանքային խումբ։
Բժշկական ծառայություն իրականացնող զինծառայողների մեջ վարակվածներ չկան, Արցախում ևս վարակված զինծառայող չկա։
Օհանյանը նշել է, որ զինծառայողներին զորանոցային վիճակի բերելու կարիք չկա, անհրաժեշտության դեպքում նման որոշում կկայացվի։ Օհանյանը հայտնել է, որ զինկոմիսարիատները պատրաստ են զորակոչին և այն ընթանալու է ըստ ժամանակացույցի, անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել։
Օհանյանը հայտնել է, որ ԶՈՒ սննդամթերք մատակարարող ընկերության աշխատակիցներից մեկը, ով սերտ շփում չի ունեցել սննդի պատրաստման և մատուցման հետ, վարակված է եղել կորոնավիրուսով, դրանից հետո ընկերության այդ աշխատակիցը և նրա հետ շփում ունեցած աշխատողները մեկուսացվել են։
Մարտի 16-ից մինչև մայիսի 14-ը ՀՀ-ում արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Հայաստանում ապրիլի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 26 նոր դեպք է գրանցվել, վարակման ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1039-ի: Ապաքինվել է 211 անձ, 14 հոգի մահացել է։
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից






