AM
13 Ապրիլ 2020 - 12:36 AMT

«10 միլիոն ծառ» տնկելու նախաձեռնությունը հետաձգվել է մինչև 2021-ի վերջ

Որոշումը կայացվել է` հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը

«10 միլիոն ծառ» բնապահպանական նախաձեռնությունը հետաձգվել է մինչև 2021-ի վերջը։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

Որոշումը կայացվել է` հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը։

«2020-ի հոկտեմբերի 10-ին նպատակ ունեինք տնկել 10,000,000 ծառ՝ ապահովելով գալիք սերունդների առողջ և մաքուր միջավայրը։ Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը, կարևորելով յուրաքանչյուրի առողջությունը, ինչպես նաև նկատի ունենալով հնարավոր ռիսկերը, որոշում ենք կայացրել սահմանված թիրախին հասնելու ժամկետը տեղափոխել 2021թ. վերջ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նախարարությունը հուսով է, որ ստեղծված իրավիճակը կշտկվի և, այնուամենայնիվ, 2020թ. ընթացքում Հայաստանում կտնկվի 1,000,000 տնկի, որը նույնպես աննախադեպ է վերջին տարիների համար, իսկ արդեն 2021թ․ ամբողջությամբ կիրականացվի նախաձեռնությունը՝ տնկելով ևս 10.,000,000 տնկի։

Նախարարությունը նախաձեռնության պլանավորման աշխատանքները հնարավորինս կիրականացնի համաձայն նախապես մշակված քայլերի հաջորդականության։