Երևանի 2020-ի բյուջեի շրջանակում՝ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 43 մշակութային և 41 մարզական կազմակերպության 2648 աշխատակից ընդգրկվել է «Առողջության ապահովագրություն» ծրագրի շահառուների ցանկում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանից։
2019-ի վերջին քաղաքապետարանը հայտարարել էր, որ հունվարի 1-ից նախատեսվում է բարձրացնել Երևանի մարզամշակութային կենտրոնների 5000 աշխատակցի աշխատավարձ և նրանց տրամադրել առողջապահական ապահովագրություն։
Ապահովագրությունը գործում է ապրիլի 1-ից, իսկ հունվարին բժշկական ապահովագրությունը չի տրամադրվել, քանի որ ապահովագրական ընտրության համար հայտարարվել էր մրցույթ և գնման գործընթացն ավարտվել էր մարտին։
Առողջապահական ապահովագրություն ստացել են երաժշտական և արվեստի դպրոցների, մշակույթի տների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, «Հայ-Արտ» մշակութային կենտրոնի 1861 աշխատակից, մարզական կենտրոնների՝ 787 աշխատակից։






