ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին՝ հորդորելով շարունակել «այդ հերոսական հողի վրա հասարակական համերաշխության և համախմբվածության մթնոլորտում կառուցել հզոր, բարեկեցիկ, ազգային պետություն»։
«Ինչպիսին էլ լինեին մեր նախապատվությունները և պատկերացումները Արցախի Հանրապետության նախագահի մասին, ընտրությունները կայացել են, Արցախի քաղաքացիների ազատ կամարտահայտությամբ քվեարկության նախնական արդյունքներով ընտրված նախագահը Դուք եք, և առաջին հերթին Ձեր ուսերին է մեր հայրենիքի մի շատ թանկ հատվածի պաշտպանության, անվտանգության և բարեկեցության ապահովման մեծագույն պատասխանատվությունը: Կրեք այն պատվով և արժանապատվությամբ, ինչպես վայել է արցախցուն, ինչպիսին Արցախի ամբողջ պատմությունն է` մաքառումներով լի, բայց նաև հաղթական…
Արցախի անկախությունը վեր է ամեն ինչից: Այն առավել է, քան մեր ընտանիքը, քան մեր կյանքը՝ մեր մարտական ընկերների անցած հերոսական ճանապարհն ու նահատակված ընկերների հիշատակը վկա: Արցախը այլևս երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում. անցյալին վերադարձ չկա: Սա ցանկացած արցախցու ամուր համոզմունքն է, և Դուք՝ որպես նախագահ, դրա կրողն եք»,- նշել է նա:
Սարգսյանը ողջունել է Հարությունյանի պատրաստակամությունը` հանուն Արցախի և համազգային նպատակների գործակցելու բոլոր այն քաղաքական ուժերի և անհատների հետ, ում ջանքերը ևս ուղղված են այդ նպատակներին:
«Ոչ ոք իրավունք չունի թուլացնել Արցախը և վնասել նրա միջազգային հեղինակությունը: Մաղթում եմ Ձեզ հաջողություն Արցախի նախագահի պատվավոր և պատասխանատու առաքելության մեջ»,- ասվում է ուղերձում։
Ապրիլի 14-ին կայացած Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ձայների 88 %-ով ընտրվել է հանրապետության ղեկավար։






