AM
15 Ապրիլ 2020 - 14:30 AMT

Փաշինյանը՝ պաշտոնյաների պարգևավճարների մասին․ Դա իմ խոստումն էր, կարող են հեղափոխություն անել՝ բերելով Սարգսյանին ու Խաչատրյանին

Պետական ծառայության հեղինակությունը պետք է բարձրացվի, և սա սկզբուքնային դիրքորոշում է, այդ քաղաքականությունը «կոտրելու» հնարավորություն ունեն ՀՀ քաղաքացիները, որոնք կարող են հեղափոխություն անել՝ ասելով՝ սրանց տարեք, Գագիկ Խաչատրյանին ու Սերժ Սարգսյանին հետ բերեք։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովում պատասխանելով բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների և աշխատավարձերի մասին հարցին։

Վարչապետը միացրել է 2018-ի ապրիլի 19-ի ձայնագրությունն ու ասել, որ սա նախահեղափոխական խոստում է եղել՝ տրված Հանրապետության հրապարակում։ Ըստ նրա՝ այդ որոշումն իր անձնական պատասխանատվությունն է, ժողովրդի աչքի առջև տված խոստումը։

Նրա խոսքով՝ խոստացել է աշխատավարձի բարձրացում, ժողովուրդը հաստատել է այդ խոստումը, և ինքը նման պարտավորություն է ստանձնել։

«Եթե ժողովուրդը մտածում է, որ վատ որոշում է պետական պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելը, դա ժողովրդի լեգիտիմ իրավունքն է։ Կարող են ցանկացած պահի նոր հեղափոխություն անել, մեզ այստեղից քշել, բերել հին ժամանակների պաշտոնյաներին, որոնք ցածր աշխատավարձ էին ստանում և լափում էին պետական համակարգը, որոնք փայ էին մտնում բիզնեսներին, որոնց համար ամեն աշխատանքային օրը կոնկրետ գումար էր: Թե ինչքան փող մտավ իրենց աներների, զոքանչների գրպանը…»,- ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ 24 ժամ ինչ-որ բանի դեմ պայքարող բարձրաստիճան պաշտոնյան պետք է 100 տոկոսով կենտրոնացած լինի իր աշխատանքի վրա, իսկ դրա համար նա պետք է հնարավորություն ունենա կտրված լինելու կենցաղային մանր հարցերից։

ՀՀ-ում պարբերաբար քննարկվում է նախարարների ու պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման, նրանց տրվող պարգևավճարների հարցը։ Փաշինյանի դիտարկմամբ՝ քննադատություն կա ոչ միայն պարգևավճարների, այլև առհասարակ պետական պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման մասով։