ՀՀ-ում մարտից սկսած՝ 1500 հոգուց ավելի մարդ կարանտինից դուրս է եկել, ընդհանուր առմամբ՝ կարանտինում գտնվող 300 հոգու մոտ հաստատվել է կորոնավիրուսի դրական արդյունք, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարի խոսքով՝ կարանտինի մեթոդն արդյունավետ է։
Նա նշել է նաև՝ ՀՀ-ում հիվանդանոցային ֆոնդը կիսով չափ է ծանրաբեռնված և այս տեմպը պահելու, քաղաքացիների կողմից ցուցումներին հետևելու դեպքում կարելի է հույս ունենալ, որ իրավիճակը կառավարելի կլինի դեռ երկար ժամանակ։
Թորոսյանը հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում 810 թեստ է արվել, և 1 մլն բնակչի թվով, աշխարհում այլ երկրների համեմատ, դա լավ ցուցանիշ է։ Նախարարը նշել է, որ այս պահին թեստերի այդ քանակը բավարար է։
Ավելի վաղ Թորոսյանը հայտնել էր նաև, որ ՀՀ-ն գնում է թեստավորման ծավալներն ավելացնելու ուղով։
Հայաստանում ապրիլի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1159-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 48-ով: Մահվան ելքով դեպքերի թիվը հասել է 18-ի, ապաքինվել է 358։






