Կորոնավիրուսի արդյունքում առաջացած տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ և 9-րդ միջոցառումների հասանելիության շրջանական ընդլայնվում է, հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Նախարարի խոսքով՝ տուժած ոլորտներին 8-րդ միջոցառմամբ ավելանում է նաև երթուղային տրանսպորտի գործունեությունը։
Մասնավոր մանկապարտեզների, սպորտային ակումբների, զվարճանքների, հանգստի կազմակերպման ոլորտների գրանցված աշխատողները ևս կարող են դիմել 8-րդ ծրագրի համար։
9-րդ միջոցառման շահառու կարող է հանդիսանալ նաև ընտանիքը, որտեղ գրանցված աշխատանք ունեցող ծնողը 2020-ի մարտի 12-ի դրությամբ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։
Կառավարությունը մշակել է 13 ծրագիր՝ կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու համար։ Տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագրով աջակցություն էր նախատեսված մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին։
8-րդ ծրագիրը վերաբերում էր մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին: Այն վերաբերում էր նաև հյուրանոցային և հյուրատնային, հանրային սննդի, զբոսաշրջային ծառայություններին, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ, մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն կազմակերպվողներին։
Հայաստանում ապրիլի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1159-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 48-ով: Մահվան ելքով դեպքերի թիվը հասել է 18-ի, ապաքինվել է 358։






