Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Երևան և ոչ պաշտոնական հանդիպումներ ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Ազգային ժողովի ղեկավար Արարատ Միրզոյանի հետ։
Ֆեյսբուքյան իր էջում Հարությունյանը գրել է, որ Միրզոյանի հրավերով ոչ պաշտոնական այցով հյուրընկալվել է Խորհրդարանում:
«Միրզոյանի հետ կարճատև զրույց ենք ծավալել, ընթացքում անդրադարձել ապագա համագործակցության մի շարք հարցերի»,- գրել է Հարությունյանը։
Նախագահ Արմեն Սարգսյանի հետ ևս Հարությունյանը քննարկել է հետագա գործակցությանն ուղղված քայլերը, անդրադարձ է կատարվել նաև Արցախի զարգացման ծրագրերին:
Մարտի 31–ին Արցախում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից ոչ ոք չհավաքեց նախագահ դառնալու համար անհրաժեշտ թվով ձայներ: «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը ստացել էր ձայների 49.26%-ը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը՝ 26.4%-ը։ Ապրիլի 14-ին անցկացվեց ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքում հաղթեց Արայիկ Հարությունյանը։ Բոլոր 282 ընտրատեղամասերի քվեաթերթիկների մշակման արդյունքում Հարությունյանի օգտին քվեարկել է 39,860 մարդ, Մայիլյանի օգտին ՝ 5428:






