AM
16 Ապրիլ 2020 - 12:39 AMT

Մարզպետ․ Նորաշենում կորոնավիրուսի 8 դեպք կա՝ 1-ն ապաքինվել է, 1-ը՝ մահացել

Արարատի մարզի Նորաշեն համայնքում այս պահին 8 հաստատված դեպք կա, որոնցից մեկն ապաքինվել է, մեկը՝ մահացել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

«Նորաշեն համայնքում հուղարկավորությանը մասնակցել է մեկուսացված քաղաքացի, ում մոտ այնուհետև հայտնաբերվել է կորոնավիրուս։ Դեպքից հետո պարետատունը որոշել է ժամանակավորապես սահմանափակումներ կիրառել համայնքում։

Մնացած կասկածելի աղբյուրներից ստացված տեղեկություններն իրականության հետ որևէ աղերս չունեն»,- ասվում է գրառման մեջ։

Նրաշենում սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ պարետի որոշումն ուժի մեջ է մինչև ապրիլի 18-ը՝ ժամը 23։59։

Մարզպետը հայտնել է նաև, որ Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 210 է։ Առողջացել է 61 քաղաքացի, փաստացի բուժվում է 145 հոգի, ընդհանուր առմամբ, գրանցվել է մահված 4 դեպք։

Պարետի ապրիլի 15-ի որոշմամբ՝ արգելվում է Արարատի մարզի Նորաշեն համայնք անձանց ու տրանսպորտային միջոցների ելումուտը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաներին, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման:

Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համար ԱԱԾ-ն ու ոստիկանությունը սահմանված վայրերում տեղադրել են հատուկ անցակետեր ու զննման կետեր։