ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ամենայն Հայոց կաթողիկոսի` ՀՀ երկրորդ նախագh Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հորդորին և դրան հաջորդած բանավեճերին, ասել է, որ ցանկացած նոր բառ կարող է նոր երանգ հաղորդել այս փոխադարձ հայտարարություններին:
Միրզոյանը նշել է, որ պետությունն ու եկեղեցին անջատ են ու պետք է չխառնվեն իրար գործերին:
«Միևնույն ժամանակ, Վեհափառը ևս ՀՀ քաղաքացի է և ունի այն իրավունքները, որոնք՝ ՀՀ մնացած քաղաքացիները», – ասել է նա, մեջբերում է Aysor.am-ը։
Միրզոյանը խնդրել է հնարավորության դեպքում իրեն վեհափառի հայտարարությունների մասին հարցեր չուղղել։
«Անհրաժեշտություն չեմ տեսնում լրացուցիչ բան ասելու, որովհետև ցանկացած նոր բառ կարող է նոր երանգ հաղորդել այս փոխադարձ հայտարարություններին և այս պահին դա մեր ազգի, պետության համար օգուտ չի լինի։ Ասելիք, իհարկե կա, վերաբերմունք, իհարկե կա, բայց այս պահին չեմ ուզում ասել, անկեղծ և ուղիղ ասում եմ», – նշել է նա։
Ապրիլի 14-ին Գարեգին Բ-ի՝ ի պատասխան ԶԼՄ-ի հարցմանն արած հայտարարությունը ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոփոխելու կարևորության մասին տեղիք է տվել տարաբնույթ մեկնաբանությունների։ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Վեհափառի հորդորին, գրել էր, որ «հազարավոր ՀՀ քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ է կարևոր են համարում Ամենայն Հայոց կաթողիկոսի փոփոխության հարցը»:






