AM
18 Ապրիլ 2020 - 06:56 AMT

Կորոնավիրուսից մահացածի դագաղն արգելվում է բացել հուղարկավորության ցանկացած փուլում

Կորոնավիրուսից մահացած մարդու դագաղն արգելվում է բացել տեղափոխման և հուղարկավորության ցանկացած փուլում, մահվան մասին բժշկական վկայականը հանգուցյալի հարազատին տրամադրելուց հետո դիակը հարազատին է հանձնվում փակ դագաղով: Պարետի որոշմամբ սահմանվել է արտակարգ դրության ժամանակահատվածում կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացած անձանց դիակների տեղափոխման և հուղարկավորության կանոնները:

Նշվում է նաև, որ հանգուցյալին անհրաժեշտ է հնարավորինս շուտ հուղարկավորել (48-72 ժամից ոչ ավելի) և խուսափել բազմամարդ հոգեհանգիստներից:

Կորոնավիրուսային հիվանդության հաստատված ախտորոշմամբ անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձում չի իրականացվում։ Մի շարք գործողություններ են արվում, որոնք հնարավորություն կտան պահպանել սանիտարահիգիենիկ անհրաժեշտ կանոնները։

Ըստ որոշման՝ պացիենտի՝ կորոնավիրուսային վարակով պայմանավորված մահվան դեպքում դիակը ծածկվում է սավանով և տեղափոխվում դիակի համար նախատեսված անջրանցիկ պարկ, դաստակին փակցվում է նույնականացման տեղեկություն պարունակող նշան, այնուհետև պարկը պինդ կապվում է սկզբից մինչև վերջ կայծակ ճարմանդի միջոցով այնպես, որ բացառվի դիակից հեղուկի արտահոսքի հնարավորությունը: Դիակի նույնականացման տեղեկությունը փակցվում է նաև դիակի համար նախատեսված պարկի վրա:

Պարետի որոշման մեջ նշվում է նաև, որ մահացածի իրերն այրելու անհրաժեշտություն չկա, դրանք անհրաժեշտ է զգուշորեն վերցնել պաշտպանիչ ձեռնոցներով, մաքրել և ախտահանել առնվազն 70% էթանոլով կամ այլ ախտահանիչ նյութով, մահացած անձի հագուստն անհրաժեշտ է լվանալ 60−90°C ջերմաստիճանի ջրով և լվացքի փոշիով:

Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ Պարետի որոշմամբ չի թույլատրվում նաև բացել կորոնավիրուսց մահացած ՀՀ քաղաքացիների դիերը, որոնք բերվել են արտերկրից։

Հայաստանում ապրիլի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1248-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 47-ով: Մահվան ելքով դեպքերի թիվը հասել է 20-ի: