Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, դիմելով ունևորներին, կոչ է արել համավարկի այս օրերին աջակցել կարիքավորներին։ Կոչը հրապարակված է նրա ֆեյսբուքյան էջում։
«Տագնապի այս օրերին, խոր գոհունակությամբ և հուզումով դիտում եմ, թե ի՛նչ անսահման նվիրումով մեր առաջնորդարանները, համայնքները, ծուխերը, կազմակերպությունները, միությունները, ամե՛ն տեղ, լծված են մեր ազգի կարիքավոր ընտանիքներին օժանդակության անհետաձգելի ու հրամայական աշխատանքին։ Սեր ու գնահատանքը նրանց նկատմամբ պարզապես քիչ է։ Սովորական ծառայութուն չէ նրանց կատարածը, այլ գերազանցորեն Աստվածահաճո գործ է», ասվում է նրա «Ո՞ւր են մեր ունևորները» վերնագրված ուղերձում։
Վեհափառը նշել է, որ իրեն խորը ցավ ու վրդովում է պատճառում բացակայությունը նյութական կարողություններ ունեցող «մեր ազգայինների, հայտնի թե անհայտ, մոտավոր թե հեռավոր»։
«Ես չեմ կարող լուռ ու անտարբեր մնալ նրանց բացակայության նկատմամբ։ Ո՞ւր եք դուք. Աստծո ձեզ տված բարիքներից չե՞ք կարող մի բաժին տրամադրել մեր ժողովրդի կարիքավոր զավակներին՝ հատկապես տագնապի այս ծանր օրերին։ Սա մեր բոլորի բարոյական, հոգևոր, մարդկային ու ազգային պարտավորությունն է»,- ասվում է ուղերձում։
Կորոնավիրուսի պատճառով աշխարհում մոտ 25 մլն մարդ կարող է կորցնել աշխատանքը։ Այդ մասին հայտարարել է Աշխատանքի միջազգային կազմակերպությունը՝ ՄԱԿ-ի հատուկ հաստատությունը, որը զբաղվում է աշխատանքային հարաբերությունների հարցերով։ Նշվել է, որ պանդեմիան այլևս զուտ առողջապահական գլոբալ ճգնաժամ չէ, դա նաև աշխատաշուկայի և տնտեսական լուրջ ճգնաժամ է, որը հսկայական ազդեցություն կունենա մարդկանց վրա, շատերը կհայտնվեն դժվարին վիճակում։






