ԵՊՀ-ում ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունն առցանց կանցկացվի։
Պաշտպանությունն առցանց կազմակերպելու նպատակով ԵՊՀ-ի ուսուցման կառավարման հարթակում յուրաքանչյուր ուսումնական ծրագրի համար ստեղծվել է առանձին վիրտուալ տարածություն, ինչպես նաև մշակվել են ուղեցույցներ:
Նախապաշտպանությունները և պաշտպանություններն իրականացվելու են Zoom տեսակոնֆերանսի միջոցով, ձայնագրվելու են և պահպանվելու Zoom Cloud-ում, ասվում է հայտարարության մեջ։
Նախապաշտպանություններից և պաշտպանություններից առաջ ուսանողները պետք է մինչև նշված վերջնաժամկետը վերբեռնեն պահանջվող նյութերը, այնուհետև ընտրեն նախապաշտպանության/պաշտպանության ժամանակաhատվածը (սլոտը): Ամրագրված ժամանակաhատվածը կարելի է չեղարկել և ընտրել տվյալ պահին առկա ժամանակահատվածներից մեկը:
Յուրաքանչյուր ուսանող պետք է ամրագրված ժամին միանա առցանց նախապաշտպանությանը/պաշտպանությանը, որի ընթացքում նա համակարգչով պետք է նստի պատի դիմաց, ունենա ականջակալներ և բարձրախոս:
Նախապաշտպանությանը մասնակցելու են համապատասխան ծրագիրն իրականացնող ուսումնական ստորաբաժանման աշխատակիցները և գիտական ղեկավարները: Ներկայացված թեզի, շնորհանդեսի և գիտական ղեկավարի կարծիքի հիման վրա իրականացվելու է ատեստավորում։ Ոչ էական դիտողությունների առկայության դեպքում մեկ շաբաթվա ընթացքում աշխատանքը լրամշակվելու է և վերբեռնվելու պաշտպանության նյութերի բլոկում։
Պաշտպանությանը մասնակցելու են ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի անդամները, գիտական ղեկավարը, գրախոսը և 3-5 ունկնդիր։ Ուսանողի մագիստրոսական թեզը գնահատելու են ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի միայն այն անդամները, որոնք ներկա են եղել տվյալ ուսանողի պաշտպանության ամբողջ ընթացքին։
Ուսանողի և հանձնաժողովի անդամների տեսախցիկները պարտադիր պետք է միացված լինեն ամբողջ պաշտպանության ընթացքում:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի գնահատման արդյունքները հրապարակվելու են ամփոփումից անմիջապես հետո ուսանողի գնահատականների բաժնում: Բացի դրանից՝ բոլոր ուսանողների գնահատականների ցուցակը տեղադրվելու է հայտարարությունների ֆորումում: Ուսանողները ստանալու են նաև էլեկտրոնային նամակներ: Գնահատականների հրապարակումից հետո ուսանողները կարող են բողոքարկել առաջիկա մեկ ժամվա ընթացքում:






