Իշխանություն-եկեղեցի հերթական բանավեճը Հայաստանում սկսվեց, երբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կարևորեց կորոնավիրուսի տարածման շրջանում, ի թիվս այլ կալանավորների, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը հետագա բարդացումներից ապահովելու անհրաժեշտությունը։
Այդ պահից ի վեր իշխանությունն ու եկեղեցականները մի շարք կոշտ հայտարարություններ փոխանակեցին․ վեճը, կարծես, հեռու է ավարտից։ Ի՞նչ է մտածում ժողովուրդը եկեղեցու, կաթողիկոսի ու երկրում նրանց դերի մասին։
Մանրամասն թարմ տվյալներ ՀՀ-ում կրոնական մակարդակի մասին չկան։ 2015-16-ին արված ու 2017-ին հրապարակած PEW ամերիկյան կազմակերպության հարցումների համաձայն, Հայաստանում մարդկանց 59%-ը համարում է, որ Կառավարությունը պետք է պաշտպանի քրիստոնեական արժեքների տարածումը։
62%-ի կարծիքով՝ պետությունը եկեղեցուն գումար էլ պետք է վճարի։
Ազգային եկեղեցու ղեկավարներին բարձրագույն հեղինակություն են համարում հարցվածների 24%-ը․ համեմատության համար՝ Վրաստանում այդ ցուցանիշը 93% է, ՌԴ-ում՝ 69%:
63%-ը համարում է, որ եկեղեցին շատ է փողի վրա ֆիքսված, և միայն 31%-ը՝ որ այն ամրապնդում է բարոյականությունը։
Աղբյուրի ձևակերպմամբ՝ ՀՀ-ում հարցվածների 89%-ն իրան համարում ա «օրթոդոքս»։ Այս ձևակերպման տակ են ընկնում թե ՀԱԵ, թե Ուղղափառ եկեղեցու հետևորդները։
Սակայն ընդամենը 34%-ն է նշել, որ դա անձնական հավատքի հետևանք է․ 55%-ն իրեն հավատացյալ է համարում՝ մշակույթի, 8%-ը՝ ընտանիքի պատճառով։ Սակայն, ընդհանուր առմամբ, 97%-ը հպարտ է իր կրոնով։ Երկրում իրեն աթեիստ է համարում մոտ 2%-ը։
Ընդ որում, հայերի մոտ քրիստոնեության ընկալումը յուրահատուկ է․ դրախտի գոյությանը հավատում է 55%-ը, իսկ դժոխքի՝ 49%, 59%-ը հավատում է թուղթուգրին կամ չար աչքին, ինչը եկեղեցին առհասարակ քննադատում է։
Հայաստանում քրիստոնյաների 45%-ն ամեն օր աղոթում է, 9%-ը՝ ամեն օր եկեղեցի գնում։






