Ռուսաստանից 3 անչափահաս երեխա վերադարձել է Հայաստան, ֆեյսբուքյան իր էջում գրել է Օմբուդսմեն Արման Թաթոյանը՝ նշելով, որ դա արվել է Մարդու իրավունքների պաշտպանի, ՌԴ-ում ՀՀ դեսպանության և հյուպատոսության աշխատանքի արդյունքում:
«Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը եղբոր երեք անչափահաս երեխաների (16, 14 և 10 տարեկան) տեղափոխումը Հայաստան կազմակերպելուն աջակցելու հարցով։ Նա տեղեկացրել է, որ երեխաները գտնվում են Ռուսաստանի Դաշնության Վիբորգ քաղաքում ազգականների տանը, իսկ կարճ ժամանակով Հայաստան ժամանած երեխայի մայրը սահմանափակումների պատճառով չի կարողանում մեկնել երեխաների մոտ»,- գրել է Թաթոյանը:
Վիբորգից Մոսկվա և Մոսկվայից ապրիլի 12-ի չվերթով անչափահաս երեխաներին Հայաստան ճանապարհելու հարցը ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը քննարկել է ՌԴ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության, ՌԴ-ում ՀՀ դեսպանության, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի հյուպատոսության ներկայացուցիչների հետ:
Նշվում է, որ ավելի ուշ Պետերբուրգի հյուպատոսությունից կապ են հաստատել Պաշտպանի աշխատակազմի հետ և տեղեկացրել, որ երեխաներին կտեղափոխեն Մոսկվա, որտեղ նրանց կդիմավորեն ՌԴ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները և կճանապարհեն Հայաստան։
Այդ գործակցության արդյունքում երեխաներն արդեն Հայաստանում են։
Հայաստանում, ՌԴ-ում ինչպես և աշխարհի շատ երկրներում կորոնավիրուսի պատճառով սահմանափակված է նաև օդային երթևեկությունը։






