AM
21 Ապրիլ 2020 - 07:26 AMT

Մայր աթոռի խոսնակ․ Լարվածությունը փարատելու պատասխանատվությունն իշխանությանն է

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հորդորել է հոգալ կալանավայրերում գտնվող անձանց, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահի առողջության հարցի մասին, և դա չի կարող մեկնաբանվել իբրև եկեղեցու կողմից փորձ՝ մուտք գործելու քաղաքականություն: Այդ մասին «Արմնյուզի» եթերում հայտարարել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը՝ նշելով, որ Կաթողիկոսը մարդասիրական առաջարկ է արել, այն չպետք է վիրավորանքների առիթ դառնար:

Նա նշել է նաև, որ Մայր աթոռը բոլոր ժամանակներում էլ գործելու ազատություն է ունեցել, և չնայած միշտ չէ, որ իշխանության հետ հարաբերություններում ամեն ինչ հստակ է եղել, բայց եկեղեցին չի եղել «տերպետրոսյանական, քոչարյանական, սարգսյանական և չի լինելու փաշինյանական»։

Ավելի վաղ Գարեգին Երկրորդը կարևորել էր համավարակի շրջանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը։ Այս հայտարարությունը քննադատվել էր իշխանության կողմից, հոգևորականները ևս հակադարձել էին քաղաքական գործիչների քննադատությանը։

«Ներհասարակական այս լարվածությունը փարատելու պատասխանատվությունն իշխանությանն է: Հարցազրույց տալիս կաթողիկոսը տեղյակ չի եղել, որ ԱԱԾ-ում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ քրգործը վերաբացվել է: Ուզում եմ հավատալ, որ այս համընկնումն ընդամենը զուգադիպություն է: Մենք հավատում ենք Նավասարդ Սրբազանի անմեղությանը, նա հարգված եկեղեցական է մեր ժողովրդի կողմից»,- նշել է նա:

ԱԱԾ-ի հաղորդագրությունում, առանց անունների, նկարագրվում է գործարար Փայլակ Հայրապետյանի ու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքիեպիսկոպոս Կճոյանի և նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ տարիներ առաջվա գործարքը։ Նախկին վարչապետն ու արքեպիսկոպոսը հերքել էին առնչությունը գործարքին։ Գործով 16 տարվա ազատազրկման էր դատապարտվել Աշոտ Սուքիասյանը, ով դատապարտվել էր Հայրապետյանին խարդախությամբ խոշոր չափի գույքից զրկելու դատավճռով։ ԱԱԾ-ից հայտնում էին նաև, որ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Տեր Վահրամը նշել է, որ եկեղեցին իրավունք ունի արտահայտվելու հանրությանը հուզող այս կամ այն խնդրի մասին և Մայր աթոռին որևէ մեկը չի կարող մեղադրել նախորդ քսանամյակում նմանատիպ հարցերում չարտահայտվելու մեջ։

Կարդացեք նաև․ Փաշինյան․ Հոգևորականության գործունեության մեջ ավելի շատ քաղաքականություն կա, քան Աստվածաշնչից բխող գործունեություն