AM
21 Ապրիլ 2020 - 10:47 AMT

Թորոսյան․ Բուժաշխատողների շրջանում կորոնավիրուսի դեպքերն անհանգստացնող են

Հայաստանում հատկապես անհանգստացնող են Երևանի և մարզերի բուժաշխատողների շրջանում կորոնավիրուսի դեպքերը, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Բուժաշխատողների կողմից անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործումը բազմապատիկ ավելի կարևոր է, քան մեր այլ քաղաքացիների կողմից: Նրանք պետք է պաշտպանեն իրենց, որպեսզի առաջինն իրենք չհանդիսանան վարակի աղբյուր իրենց պացիենտների համար և երկրորդը, որպեսզի կարողանան շարունակել իրենց կարևոր առաքելությունը` բուժօգնություն մատուցելու բազմաթիվ քաղաքացիների»,- գրել է նա։

PanARMENIAN.Net-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ երկրում վարակված բուժաշխատողների թվի մասին տվյալներն առանձին չեն տրվում, նրանք ներառված են վարակակիրների՝ արդեն հայտարարված թվում։

Հայաստանում ապրիլի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1401-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 62-ով: Առողջացածների ընդհանուր թիվը 609 է, մահացել է 24 հոգի։ Մարտի 16-ից մինչև մայիսի 14-ը ՀՀ-ում արտակարգ դրությւոն է, սահմանափակված է քաղաքացիների տեղաշարժը։