AM
21 Ապրիլ 2020 - 11:02 AMT

Պետրոս Ղազարյանը լքել է Հանրայինի լրատվականի տնօրենի պաշտոնը․ Հեռուստաալիքում ԺՊ-ներ են նշանակվել

Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ստեղծագործական հարցերով տնօրենի տեղակալ Արմեն Սարգսյանը, լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը և հեռուստաընկերության պրոդյուսեր Վարդան Հակոբյանն իրենց դիմումների համաձայն ազատվել են պաշտոններից, հայտարարել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը։

«Լրատվական ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Ռուբեն Շահինյանը։ Առաջիկայում Խորհուրդը կձևավորի մրցութային հանձնաժողով և կհայտարարի մրցույթ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համար»,- նշված է հայտարարությունում:

Խորհրդից նաև ափոսոսանք են հայտնել ՀՀ վարչապետի տեսաուղերձի հեռարձակմանն առնչվող միջադեպի համար, որի հետևանքով Հանրայինի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը «պարտավորված է եղել» հրաժարական տալ։ Նշվում է, որ խորհուրդն ընդունել է Գրիգորյանի հրաժարականը։

Ավելի վաղ հրապարակվել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձի նախապատրաստական կադրերը։ Տեղեկություններ էին շրջանառվում, թե կադրերի «արտահոսքը» եղել է Հանրային հեռուստաընկերությունից։ Հանրայինը հերքել էր դրանք՝ նշելով, որ ելույթը հեռարձակվել է բաց կապուղով, որին հասանելիություն են ստացել ևս 8 հեռուստաընկերություն և ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը: Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել էր, թե Հանրայինը, առանց վարչապետի աշխատակազմին տեղյակ պահելու, առնվազն 15 րոպե առաջ բաց կապուղի է ապահովել մյուս հեռուստաընկերությունների համար։

Հանրայինի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը միջադեպից հետո աշխատանքից ազատման դիմում էր գրել։