AM
21 Ապրիլ 2020 - 11:17 AMT

Դատարանը վարույթ չի ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ ՀՔԾ-ի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ չի ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ-ի՝ ի դեմս Քրեակատարողական ծառայության, փոխանցում է Pastinfo.am-ը:

Ավելի վաղ Քոչարյանն իր ներկայացրած հայցադիմումով պահանջել էր կանխել իրավունքները խախտող գործողությունները, մասնավորապես՝ անմարդկային վերաբերմունքը և խոշտանգումները։

Դատարանի կարծիքով՝ գործը ծագում է հանրային իրավահարաբերություններից և ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով։ Ըստ դատարանի որոշման՝ Քոչարյանին կալանավայր տեղափոխելու որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ ՀՀ արդարադատության նախարարը բարձրաձայնել է դատախազությանը կալանքի փոխարեն այլ խափանման միջոցների կիրառման միջնորդություններ ներկայացնելու անհրաժեշտության մասին։ Քոչարյանը կալանավայր է տեղափոխվել, երբ պետությունը սկսել է ձեռնարկել միջոցներ վարակի դեմ պայքարի շրջանակում կալանքի տակ գտնվող անձանց թիվը պակասեցնելու ուղղությամբ:

«Գործով հայցվորի ներկայացուցիչը խնդրել է կանխել հայցվոր Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի խոշտանգման չենթարկվելու իրավունքի խախտման պատասխանողի գործողությունները, այն է` դադարեցնել խոշտանգումը, բացառելով մինչև համավարակի ավարտը, կամ առնվազն մինչև արտակարգ դրության ավարտը հայցվորի գտնվելը քրեակատարողական հիմնարկում»,- նշել է դատարանը՝ ավելացնելով, որ հայցադիմումով ներկայացված գործը վերաբերում է հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտի` պետության, ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից հայցվորին կալանավայր տեղափոխելու որոշմանը և գործողություններին»,- նշել են կառույցից:

Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար։ Պաշտպանները պարբերաբար միջնորդություն են ներկայացնում դատարան՝ Երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխության հարցով։ Ավելի վաղ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ևս կարևորել էր համավարակի շրջանում Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը։ Վեհափառի հայտարարությունը եկեղեցի-իշխանություն փոխադարձ քննադատությունների առիթ էր դարձել։