AM
23 Ապրիլ 2020 - 08:50 AMT

Տոնոյանը խրախուսել է բարձրլեռնային պայմաններում հերթապահող զինվորներին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խրախուսել է բարձրլեռնային բարդ պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին և շնորհակալություն հայտնել գերազանց ծառայության համար:

Ապրիլի 22-ին նա աշխատանքային այցով եղել է հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերում:

Նախարարին զեկուցվել է սահմանագոտում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրության, կատարված և ընթացիկ ինժեներական ու ամրաշինական, հենակետերի վերազինման աշխատանքների և թիկունքային ապահովման խնդիրների մասին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև զրուցել է դիրքապահների հետ, հավաստիացրել, որ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանների շարունակական բարելավման հետ կապված խնդիրները մշտապես գտնվում են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում:

Զորամիավորման և զորամասերի հրամանատարները զեկուցել են ստորաբաժանումների առջև դրված խնդիրների կատարման, անձնակազմի մարտական և բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի հետևողական բարձրացմանն ուղղված աշխատանքների մասին, տվել համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ:

Մարտական պայմաններում՝ կտրուկ փոփոխվող իրավիճակներում, հրամանատարական կազմի արագ և նպատակային որոշումներ կայացնելու ունակությունները զարգացնելու նպատակով 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող Գարեգին Նժդեհի անվան զորամասում ապրիլի 20- 21-ն անցկացվել են շտաբային մարզումներ: