1915-ին Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդին ամբողջովին բնաջնջելու և հայրենազրկելու մտադրությամբ իրականացված զարհուրելի հանցանքը հանդիսացավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որն այսօր էլ շարունակում է իր ազդեցությունը թողնել հայ ժողովրդի անվտանգության վրա: Այդ մասին ասվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղերձում։
Նա նշել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումը և արդարացումը, Հայաստանի ցամաքային շրջափակումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակներում ընդգծված հակահայկական դիրքորոշմամբ հանդես գալը անվտանգության սպառնալիքներ են ստեղծում ՀՀ և Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների համար:
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար տասնամյակներ մղված պայքարը ցույց տվեց, որ ոչ մի ուժ ունակ չէ հաղթելու պատմական արդարությանը և ճշմարտությանը: Հայոց ցեղասպանության ճանաչման աշխարհագրության ընդլայնումը դրա լավագույն ապացույցն է: Այսօր վերահաստատում ենք մեր հանձնառությունը պատմական արդարության վերականգնման և նոր ցեղասպանությունների կանխարգելման գործին»,-ասվում է ուղերձում։
Ապրիլի 24-ին համայն հայությունը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, ինչպես նաև առաջադեմ մարդկությունը, ոգեկոչում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը կորոնավիրուսի համաճարակի պատճառով անցնում է բացառիկ պայմաններում։ Ապրիլի 23-ի երեկոյան ավանդական ջահերով երթին փոխարինել է Լուսավառ ոգեկոչման րոպեն, իսկ ապրիլի 24-ի ավանդական երթին դեպի Ծիծռենակաբերդի բարձունք կփոխարինի «վիրտուալ երթը»՝ անուն-ազգանունով հաղորդագրությունները կարտացոլվեն Ծիծեռնակաբերդի պատերին։






