Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով՝ նշելով, որ «մեր նահատակները, ահավոր տառապանքների միջով անցնելով և աննկուն մնալով հավատքի մեջ՝ անպարտելի եղան ոգով ու մահվանից հավիտենական կյանք փոխադրվեցին՝ արժանանալով սրբերի անթառամ լուսեպսակին»։
«Ցեղասպանության տարիներին մեր ժողովուրդը տեսավ մեկ և կես միլիոն իր զավակների սպանդը, իր ազգային-հոգևոր արժեքների, մեր սրբավայրերի, վանքերի ու եկեղեցիների, մեր գյուղերի ու քաղաքների ավերումը, կորցրեց իր պատմական հայրենիքի մեծագույն մասը։
Այս տարի համավարակի պատճառով հնարավորություն չունենք ուխտավորաբար քայլելու դեպի Ծիծեռնակաբերդի բարձունքը, համախմբվելու մեր եկեղեցիներում և հուշակոթողների առջև։ Այս իրավիճակում ընտանեկան հարկերից ներս․․․ աղոթենք և ուխտենք՝ իրագործել ազգային նվիրական տեսիլքները ազատ ու անկախ մեր հայրենիքի ապահովության, առաջընթացի ու բարօրության, սփյուռքի առավել շենացման, Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման, մեր արդար դատի՝ պահանջատիրության հաղթանակի։
Այս իղձերը կարող ենք կյանքի կոչել ազգի ու հայրենյաց հանդեպ պարտքի ու պատասխանատվության գիտակցությամբ, ազգային միաբանությամբ և մեր ջանքերը միավորելով՝ ի սեր հայրենյաց և հայոց լուսավոր գալիքի»,- մասնավորապես ասվում է ուղերձում։
Ապրիլի 24-ին համայն հայությունը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, ինչպես նաև առաջադեմ մարդկությունը, ոգեկոչում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը կորոնավիրուսի համաճարակի պատճառով անցնում է բացառիկ պայմաններում։ Ապրիլի 23-ի երեկոյան ավանդական ջահերով երթին փոխարինել է Լուսավառ ոգեկոչման րոպեն, իսկ ապրիլի 24-ի ավանդական երթին դեպի Ծիծռենակաբերդի բարձունք կփոխարինի «վիրտուալ երթը»՝ անուն-ազգանունով հաղորդագրությունները կարտացոլվեն Ծիծեռնակաբերդի պատերին։






