Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, արտակարգ դրության պայմաններում, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել են ՀՀ բարձրաստիճան պետական գործիչներ և հոգևոր այրեր։
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը կորոնավիրուսի համաճարակի պատճառով անցնում է բացառիկ պայմաններում։ Ապրիլի 23-ի երեկոյան ավանդական ջահերով երթին փոխարինել է Լուսավառ ոգեկոչման րոպեն։
Վաղ առավոտյան հուշահամալիրում Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք է մատուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։
Ծիծեռնակաբերդում հոգևորականների ուղեկցությամբ անմեղ զոհերի հիշատակը հարգել է նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Վեհափառի նախագահությամբ նաև կատարվել է Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
Հուշահամալիր են եկել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՀ 10 մարզի մարզպետները։
Ծիծեռնակաբերդ է այցելել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։







2020-ի ապրիլի 24-ին կորոնավիրուսի համաճարակի պատճառով դեպի Ծիծեռնակաբերդ ամենամյա երթն անցկացվում է վիրտուալ։ Դրան մասնակցելու համար Հայաստանում բնակվողները 1915 համարին, իսկ արտերկրում ապրողները՝ 0037433191500 համարին կարող են հաղորդագրություն ուղարկել՝ նշելով իրենց անունը և ազգանունը, ցանկալի է՝ հայատառ։ Հաղորդագրություն ուղարկածների անունները երևալու են հուշահամալիրի սյուներին։






