AM
25 Ապրիլ 2020 - 12:48 AMT

Լույսերը, անձրևն ու կաթիլների հետ համբարձվող հոգիները

Բայց ամենատպավորիչն այս տարի, թերևս, Ծիծեռնակաբերդի բացառիկ լուսավորությունն էր, որն անտարբեր չէր թողել ոչ մեկի. այդ մասին են վկայում համացանցում հայտնված՝ հուշահամալիրի հարյուրավոր լուսանկարներ` արված քաղաքի տարբեր հատվածներից:

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի լուսային ձևավորումը ստանձնել է C-squared ընկերությունը: PanARMENIAN.Net -ը զրուցել է դրա համահիմնադիր Կառլեն Մադոյանի հետ գաղափարի ծագման, իրագործման և որոշ դժվարությունների մասին:

«Գաղափարը ծագել էր դեռևս 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, սակայն այն ժամանակ հնարավորություն չեղավ իրագործելու: Գաղափարի հեղինակը մեր տաղանդավոր լուսային դիզայներ Կարեն Վարդանյանն է: Այս տարի որոշեցինք մեր նախագիծը ներկայացնել ԿԳՄՍ նախարարությանը, որտեղ այն հավանության արժանացավ, այնուհետև ընդունվեց կառավարության կողմից:

Անկեղծ ասած, բավականին ուշ ենք ներկայացրել նախագիծը, ուստի իրագործման համար ժամանակը բավականին սուղ էր: Սկսել ենք աշխատել ապրիլի 22-ից և մոտ 2 օրում կատարել լուսային ձևավորումը: Մեր թիմից բացի, ևս տասնյակ մարդիկ են աջակցել, ներգրավել ենք տարբեր գործընկերների տեխնիկա և այլն», – պատմեց Կառլենը:

Նրա խոսքով՝ եղանակային պայմանները շատ խանգարեցին գործին. անձրևի պատճառով որոշ տեխնիկա է փչացել, ընթացքում որոշ դժվարություններ են առաջացել, բացի այդ, շատ ցուրտ էր: Սակայն փորձել են հաղթահարել բոլոր դժվարություններն ու հաջողության հասել:

«Գիտեք, անձրևն ընթացքում, իհարկե, խանգարեց, բայց նաև յուրահատուկ խորհրդավորություն հաղորդեց ամենին: Շատ դժվար է նկարագրելը, երևի լուսանկարներն էլ ամբողջությամբ չեն փոխանցի իրականությունը, պետք էր այնտեղ լինել զգալու համար այդ ամենը. երբ կանգնում էիր Հավերժության տաճարի մեջտեղում և նայում վերև՝ տեսնելով անձրևը, տպավորություն էր, որ լույսի կաթիլներ են թափվում, և ամեն կաթիլը կարծես ցեղասպանության 1.5 մլն զոհերից մեկի ոգին լիներ, որ համբարձվում էր երկինք: Եվ այդ ամենը միասին՝ լույսը, կաթիլները, խորհրդավորությունը, ուղղակի անմոռանալի էր», – նկարագրեց ընկերության համահիմնադիրը:

Նա նշեց, որ գաղափարն ի սկզբանե մի քիչ ավելի մասշտաբային էր, սակայն այն իրագործելու համար պետք էին առավել հարմար եղանակային պայմաններ, մեծ ռեսուրսներ ու ծախսեր, ինչը, Կառլենի խոսքով, արդարացված չէր լինի:

«Այսպես, ինչպես կա, գոհ ենք թե՛ մեր արած աշխատանքից, թե՛ ստացված արդյունքից», – ասաց Կառլենը՝ հավելելով, որ շատ շնորհակալ են հանրությունից ջերմ արձագանքի ու բարձր գնահատականի, իսկ կառավարությունից՝ վաղեմի գաղափարն իրագործելու հնարավորության համար: