AM
29 July 2002 - 17:41 AMT

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՁԱԽՈՂԵԼ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ռուսաստանի հատուկ ծառայությունները մշակել են ծրագիր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցումը ձախողելու նպատակով: Ինչպես հաղորդում է Թբիլիսիի «Ռեզոնանսի» թերթը, Մոսկվան ծրագրում է նոր ազգամիջյան եւ կրոնական հակամարտություններ հրահրել Վրաստանի այն շրջաններում, որտեղով պետք է անցնի նավթատարը: Հոդվածի համաձայն, խոսքը վերաբերում է, առաջին հերթին, Վրաստանի հարավում գտնվող Ծալկայի շրջանին, որտեղ հիմնականում բնակվում են հույներ եւ հայեր: Վերջերս այդ հարցը քննարկման առարկա է դարձել Վրաստանի խորհրդարանում: Ծալկայի շրջանից պատգամավոր Վիտալի Այդինովը հաղորդել է, որ Ռուսաստանի ոմն քաղաքացի Սերգեյ Զուռնաչյանը քարոզչություն է վարում տեղի հայ բնակչության շրջանում եւ ստորագրություններ հավաքում խողովակաշարի կառուցման դեմ: Այդինովի կարծիքով, գրում է թերթը, Զուռնաչյանը կատարում է Ռուսաստանի կառավարության հատուկ առաջադրանքը: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Վրաստանի ղեկավարությունը ներքին զորքերի ստորաբաժանումներ է մտցրել Ծալկայի շրջան, ինչը բացասական արձագանք է հարուցել տեղի բնակչության շրջանում: