AM
30 Ապրիլ 2020 - 09:17 AMT

50 դրամ՝ 1 ծառի դիմաց. Բարձրադիր գոտում ծառ տնկողները կվարձատրվեն

Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմման 15-րդ ծրագիրը, որը նախատեսում է վճար՝ ծառատնկման համար։

Ծրագրի հեղինակը Շրջակա միջավայրի նախարարությունն է, որն առաջարկում է ՀՀ բարձրադիր գոտիներում հիմնել գետերի ափապաշտպան անտառաշերտեր՝ ուռենու տեղական տեսակներից:

Նախարարությունը նախատեսում է, որ ծառատնկման աշխատանքներին կարող է ներգրավվել տեղի բնակչությունը՝ այդպիսով ստեղծելով նաև լրացուցիչ աշխատատեղեր։

Աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը մոտ 200 մլն դրամ է: Ծրագրի շահառու ուրաքանչյուր քաղաքացու կտրամադրվի 50 դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար։

«Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տանհինգերորդ միջոցառման նպատակն է վիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած բնակչությանը ծառատնկման աշխատանքներ կատարելու դիմաց վճարի տրամադրումը»,- ասել է նախարար Էրիկ Գրիգորյանը:

Ծրագիրը կիրականացնի 3 կազմակերպություն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը» և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախատեսվում է մոտ 1000 քաղաքացու մասնակցություն, սակայն ծառատունկը հնարավոր է հետագայում վերածել մշտական սեզոնային ծրագրի: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հիշեցրել է, որ ծրագրին կարող են մասնակցել նաև նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքները։

ՀՀ-ում ապրիլի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 2066-ի։ Մահվան 32 դեպք կա, առողջացել է 929 հոգի։ Երկրում մարտի 16-ից մայիսի 14-ն արտակարգ դրություն է։ Կառավարությունը մշակել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմման 15 ծրագիր՝ ուղղված սոցիալապես անապահովներին ու բիզնես ոլորտին։