AM
30 Ապրիլ 2020 - 12:20 AMT

Նախարար․ Զարգացման այս տեմպով 5-6 օրից ասիմպտոմ պացինետներին էլ չենք հոսպիտալացնի

Մեկ օրում կորոնավիրուսի 134 հաստատված դեպքի առկայությունը մտահոգիչ է և զարգացման նման սցենարի դեպքում, հնարավոր է, ասիմպտոմ, վարակի թեթև ախտանշաններ ունեցող պացիենտներին այլևս հիվանդանոց չտեղափոխեն, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Իհարկե մոտեցումն այնպիսին է, որ այդ որոշումը կայացնելու օրը փորձելու ենք առավելագույնս ձգել, քանի որ ապագայում դա բերելու է հետագա տարածման։ Ենթադրում եմ, որ 5-6 օր կկարողանանք այս տեմպով ձգել»,- ասել է նախարարը։

ՀՀ-ում ապրիլի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 134-ով ու հասել է 2066-ի։ Մահվան 32 դեպք կա, առողջացել է 929 հոգի։

Ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված 2066 դեպքից 1103-ն ակտիվ են, իսկ երկրում վարակակիրների համար նախատեսված 1500 մահճակալ կա, PanARMENIAN.Net-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։

Այսպիսով, վարակի ակտիվ դեպքերի թիվը մոտենում է նախատեսված մահճակալային ֆոնդի թվին, սակայն պացինետների մի մասը պարզապես պալատներում են և մահճակալային բուժում չեն ստանում։

Վարակակիրների մի մասը սիմպտոմներ չի ունենում կամ դրանք թույլ արտահայտված են լինում, «մահճակալային բուժման» անհրաժեշտություն չի լինում։ Ապրիլի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ կորոնավիրուսով հիվանդների համար 1400 մահճակալ կա նախատեսված, սակայն դրանց միայն կեսն է զբաղված։

ԱՆ-ից չնշեցին, թե մեկուսացված կամ մահճակալային բուժում ստացող քանի պացիենտ կա՝ հայտնելով, որ թվերը կարող են փոխվել՝ օրվա մեջ դուրս գրված պացիենտների շարժով պայմանավորված։ Մյուս մանրամասներին տեղեկանալու համար նախարարությունից հղում արեցին Կառավարության նիստին, որի ընթացքում մահճակալային բուժում ստացողների տվյալներ, սակայն, չեն նշվել։