Իտալիայում գործող սահմանափակումների մեղմացումից հետո Հայաստանին պատկանող շարժական մամոգրաֆը տեղափոխվում է դեպի ՀՀ, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Քանի որ այն ճանապարհի մի մասն անցնելու է ծովով, այն ամենայն հավանականությամբ Հայաստան կհասնի մոտ մեկ ամսից»,- գրել է նա։
Մարտի 3-ին նախարար Թորոսյանը հայտնել էր, որ Հայաստանի շարժական մամոգրաֆն արդեն պատրաստ է և երկիր կհասնի 10-15 օրվա ընթացքում։ Նախատեսվում է, որ շարժական մամոգրաֆի օգնությամբ Հայաստանի մարզերում կիրականացվեն կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտություններ։ Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա կանանց անցնել անվճար հետազոտություն՝ կանխարգելելով հիվանդությունը: Ավելի վաղ նշվել էր, որ մամոգրաֆի առաջին կանգառը Լոռիում է լինելու:






