AM
6 Մայիս 2020 - 10:14 AMT

Փաշինյանը՝ Գրիգորյանի հրաժարականի մասին․ Գալիս են փուլեր, երբ պետք է որոշում կայացնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում անդրադառնալով Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանի հրաժարականին, ասել է, որ վերջինս արել է առավելագույնը` արդյունքների հասնելու համար, բայց աշխատանքը բարդ երևույթ է, գալիս են փուլեր, երբ պետք է կայացնել որոշումներ, ինչն էլ արվել է:

«Բնապահպանության ոլորտում` այդ թվում նախարար Էրիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ, շատ էական հաջողություններ ունեցել ենք․․․ Նախկինում ունեինք խնդիր, երբ առանց հաշվարկի ջուր էին վերցնում փոքր ՀԷԿ-երը, ինչը ոռոգման և բնապահպանական խնդիրներ էր ստեղծում։ Այժմ ջրաչափման համակարգեր են տեղադրվել»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը հավելել է, որ լուծվել է փոքր ՀԷԿ-երի ձկնուղիների վերականգնման և կառուցման հարցը։

«Արարատյան դաշտավայրի հորերի զգալի մասը կոնսերվացվել է, 500,000 ծառ է տնկվել»,- ասել է նա:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ապրիլի 5-ին հրաժարականի դիմում էր գրել: Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էր ազատման հրամանագիրը։

Գրիգորյանը շրջակա միջավայրի նախարար էր նշանակվել 2019-ի հունիսի 1-ին, մինչ այդ էլ՝ 2018-ի մայիսի 12-ից զբաղեցրել է բնապահպանության նախարարի պաշտոնը: