AM
6 Մայիս 2020 - 13:52 AMT

Փաշինյան․ Նաև մեր հայրենակիցների պատճառով է, որ կորոնավիրուսի ճգնաժամը չի հաղթահարվել

ՀՀ քաղաքացիները պարտավոր են ենթարկվել օրենքին, դրա չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից, նաև որոշ քաղաքացիների պատճառով է, որ Հայաստանը կորոնավիրուսի ճգնաժամը չի հաղթահարել, ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա արձագանքել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հարցին, ով հետաքրքրվել էր, թե ինչ է լինելու այն մարդկանց հետ, որոնք վճարունակ չեն, բայց կորոնավիրուսի կանխարգելման սահմանափակումների շրջանում տուգանվել են։

«Այն, որ մենք այսօր կորոնավիրուսի ճգնաժամը չենք հաղթահարել, և մարդիկ շարունակում են վարակվել, նաև մեր սիրելի հայրենակիցների պատճառով է: Իրենք այդ սահմանափակումներին լուրջ չեն վերաբերվում, սա պրոբլեմ է։ Մեր ուզածն այն չէ, որ մարդկանց տուգանենք, մեր խնդիրն այն է, որ մարդիկ չհիվանդանան», – ասել է Փաշինյանը։

Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2782-ի: Մահվան ելքով 40 դեպք կա, այլ պատճառով՝ 7։ Առողջացածների ընդհանուր թիվը 1135 է։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում ավելի վաղ մտցված սահմանափակումներից որոշները հանվել են, մի մասը շարունակում է դեռ գործել։