AM
7 Մայիս 2020 - 06:38 AMT

Պետմիջոցառումների նորաստեղծ հանձնաժողովին կանդամակցեն ապրիլի 24-ի միջոցառումների կազմակերպիչները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է «Պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման» հանձնաժողով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Հանձնաժողովի կազմը, դեռ աշխատանքային խմբի ձևաչափով, իրականացրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 105-րդ տարելիցին նվիրված միջոցառման գեղարվեստական և կազմակերպչական աշխատանքները և այժմ զբաղված է հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքներով»,- ասվում է գրառման մեջ։

Հանձնաժողովի նպատակն է ունենալ միջոցառումների կազմակերպման ռազմավարություն, որը բխելու է ՀՀ կառավարության կրթական և մշակութային գերակայություններից:

«Հանձնաժողովի աշխատանքների արդյունքում կունենանք իրենց բովանդակությամբ իրապես տարբերվող միջոցառումներ»,- գրել է Աղաջանյանը:

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումներն անցել են արտակարգ դրության պայմաններում՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ավանդական դարձած ջահերով երթի փոխարեն լուսավառ ոգեկոչման րոպե է անցկացվել, ապրիլի 24-ին էլ ՀՀ-ի ու Սփյուռքի հայերը հնարավորություն են ունեցել վիրտուալ տարբերակով մասնակցել ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։

Ընթերցեք նաև․ Լույսերը, անձրևն ու կաթիլների հետ համբարձվող հոգիները