AM
7 Մայիս 2020 - 07:21 AMT

Գավառի դեպքով 17 անձի մեղադրանք է առաջադրվել, ևս 4 ձերբակալված կա

Գավառում 2 անձի սպանության և 4 անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքով քննվող քրգործով մեղադրանք է առաջադրվել արդեն 17 մարդու, ևս 4-ը ձերբակալվել են զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով, հայտնում են Քննչական կոմիտեից։

Ապրիլի 29-ի դրությամբ քրգործով 15 անձ է ձերբակալված եղել։ Մայիսի 1-ին ՔԿ-ից հայտնել էին, որ քրգործով ևս 3 անձի ձերբակալման որոշում էր կայացվել, որոնցից մեկը հայտնաբերվել և ձերբակալվել էր, մայիսի 2-ին՝ ևս 2 անձի ձերբակալման որոշում էր կայացվել։

Նախաքննությունը շարունակվում է։

Ավելի վաղ դեպքի առիթով հարուցվել էին քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետի, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի, 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 2-րդ մասի հատկանիշներով, որոնք միացվել են մեկ վարույթում։

Ապրիլի 28-ին Գավառում փոխհրաձգություն էր եղել, որի հետևանքով 2 հոգի մահացել էր, վիրավորները տեղափոխվել էին հիվանդանոց։ Քաղաքի հիվանդանոցում գտնվող վիրավորներից երկուսին վնասվածք են պատճառել ԲԿ ներխուժած քաղաքացիները: Մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել էր, որ հիվանդանոց են մտել 500-ից ավելի մարդ, միջադեպի հետևանքով մոտ 5 վիրավոր տեղափոխվել են Երևանի ԲԿ-ներ։ Սանոսյանը նշել էր, որ իր տեղեկություններով՝ միջադեպի պատճառը երիտասարդների միջև ծագած վեճն է եղել, որը վերաճել է նրանց՝ ավելի տարեց մտերիմների միջև հակասության։