ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով մայիսի 5-ին Երևանում երեխաների հետ ինքնասպան եղած տղամարդու ողբերգական դեպքին, հարց է տվել՝ ինչո՞ւ են կանայք միշտ մեղավոր: Նա կարծիք է հայտնել, որ գուցե հասարակությունը ևս իր մեղքի բաժինն ունի դրանում։
«Այն հասարակությունը, որտեղ բոլոր չափանիշներով նորմալ ընտանիքի նորմալ հայրը կարող է սպանել իր երեխաներին և ինքնասպան լինել, ինքն իրեն հարցեր տալու պատճառներ ունի»,- ասել է նա։
Հակոբյանը նախ ներկայացրել է, թե ինչպես է հասարակական կարծիք ձևավորվել դեպքի, ընտանիքի հոր դրական և մոր անհիմն քննադատության արժանացած կերպարի մասին։ Նա հավելել է նաև, որ եթե կարելի է քննարկել, որ կնոջ վարքն է եղել նման քայլի պատճառը, պետք է քննարկել նաև, որ գուցե ամուսնու խնդիրներն են հանգեցրել նման ողբերգական վախճանի։
«Ուզում եմ, որ որպես հասարակություն մտածենք այս հարցերի շուրջ՝ առանց վճիռների, առանց եզրակացությունների․․․ Պատկերացնենք այն դժոխքը, որի միջով այդ անձն անցել է, որովհետև չի՛ գտել իր կյանքում որևէ այլ լուծում»,- ասել է նա:
Հակոբյանն անդրադարձել է նաև նախկինում արձանագրված նման մի քանի դեպքի։
Մայիսի 5-ին Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ: Ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են 91 շենքի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Մ-ի, 8-ամյա տղայի և 5-ամյա աղջնակի դիերը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ հայրը երեխաների հետ բնակվում էր 9-րդ հարկում: Հարևանները նշել են նաև, որ տղամարդն ամուսնալուծված էր, և դրական են բնութագրել նրան։






