AM
8 Մայիս 2020 - 07:16 AMT

$9 մլն-ի ներդրում՝ Սփյուռքից․ Վայոց ձորում արևային կայան կկառուցվի

Վայոց Ձորի Սարավան համայնքնում մեկնարկել են AREG ENERGIA արևային կայանի շինարարական աշխատանքները, հայտնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

Նշվում է, որ Սարավան համայնքում՝ ծովի մակարդակից 1720 մետր բարձրության վրա, 36 հա հողակտորում $9 մլն-ի ներդրման արդյունքն ավարտի կհասցվի ամենուշը 1 տարի անց։

Հիմնարկեքի արարողությանը ներկա են եղել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Հայաստանում Կիպրոսի պատվավոր հյուպատոս Արմեն Խաչատրյանը, համաներդրող Աշոտ Մկրտչյանը և ուրիշներ:

Ներդրման գաղափարը ծագել է 10 ամիս առաջ, երբ Կիպրոսում տեղի հայ հայտնի գործարարները հանդիպել են Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին: Հետո ուսումնասիրել օրենսդրական ու ներդրումային դաշտը, սկսել ներդրման գաղափարը կյանքի կոչել:

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է՝ կարևորում է Հայաստանի որդեգրած ներդրումային քաղաքականությունն ու այն հանգամանքը, որ ներդրողները կարող են երկրում շահույթ ստանալ:

Օրենսդրության համաձայն՝ սեփական կարիքների համար ֆիզիկական և իրավաբանական անձինք նույնպես կարող են տեղադրել արևային համակարգեր: Ֆիզիկական անձինք մինչև 150 կՎտ, իրավաբանական անձինք 500 կՎտ հզորությամբ կայան կարող են տեղադրել, ինչը հնարավորություն ունի աշխատելու էլեկտրական ցանցին զուգահեռ: