AM
14 Մայիս 2020 - 09:49 AMT

Գավառում միջադեպի գործով սպանության փորձի համար մեղադրանք է առաջադրվել 3-րդ անձի

Գավառում արյունալի միջադեպի քրեական գործով սպանության փորձի համար մեղադրանք է առաջադրվել 3-րդ անձի:

Քրգործով մեղադրանք է առաջադրվել 24 անձի, որոնցից 21-ը՝ Գավառի բժշկական կենտրոնում զանգվածային անկարգություններին մասնակցելու և դրանց ընթացքում կոչեր հնչեցնելու համար։ Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ նույն կենտրոնում նաև սպանության փորձի, իսկ երկու անձի՝ Ազատության փողոցում խմբի կողմից, երկու և ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու համար:

24 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ միջնորդություններից 16-ը բավարարվել է, 7-ը՝ մերժվել, 6 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին, իսկ մեկի կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննարկման փուլում է:

Եվս 4 անձի ձերբակալման որոշում է կայացվել, որի իրակացումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստրոբաժանմանը:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ հայտնաբերվել են միջադեպին և փոխհրաձգությանը մասնակցած անձանց մեքենաներից 10-ը, ինչպես նաև՝ հանցագործության գործիք հանդիսացող հրազենից 2-ը, նշանակվել են փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառի Ազատության փողոցում՝ ճանապարհի երթևեկելի գոտում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք), կրակ է բացել Նորատուսի բնակիչներ Վահե Ավետիսյանի, Հրաչյա Հակոբյանի, Արմեն Սարգսյանի, Արտյոմ Պետրոսյանի և Սասուն Մելոյանի, Գավառի բնակիչներ Զոհրաբ Պարոնիկյանի, Արմեն Հայթյանի և Վարդան Դավոյանի ուղղությամբ, ինչի հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից Վ. Ավետիսյանը և Զ. Պարոնիկյանը տեղում մահացել են, իսկ մյուսները՝ վնասվածքներով տեղափոխվել Գավառի բուժկենտրոն։ Հետո մի խումբ անձինք հարձակվել են հիվանդանոցի վրա, կոտրել ապակիները և գույքը, հարվածներ հասցրել Դավիթ Հայթյանին՝ պատճառելով մարմնական տարբեր վնասվածքներ՝ ծակած-կտրած վերքեր և հեմատիկ շոկ՝ ծանր աստիճանի:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: