Կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերի կոնտակտավորներն այլևս չեն մեկուսացվի հյուրանոցային վայրերում։ Այդ մասին ֆեյսբուքյան եթերում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Անցնելու ենք «տնային» բուժման: Այդ որոշումն արդեն կայացված է: Նրանք կգնան միայն ինքնամեկուսացման»,- ասել է նա։
Նախարարն ասել է, որ կաշխատեն շրջիկ խմբեր՝ բժիշկ, ոստիկան և ԱԻՆ ներկայացուցիչ, որոնք կհսկեն՝ ինչպես է պահպանվում ինքնամեկուսացումը:
Նախարարը հավելել է, որ քաղաքացիները պետք է սթափ գնահատեն իրավիճակն ու սեփական պատասխանատվության զգացում ունենան, և եթե իրենք կոնտակտավոր են, չպետք է դուրս գան ինքնամեկուսացումից:
Հայաստանում մայիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 4044-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 184-ով:Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 52 է, այլ պատճառով՝ 22։
ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը երկարացվել է մինչև հունիսի 13-ը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից






