AM
15 Մայիս 2020 - 07:44 AMT

Տաքսիում՝ վարորդի կողքին, տրանսպորտում՝ կանգնած ուղևորներ չեն լինի

Մայիսի 18-ից տրանսպորտային միջոցներում ուղևորների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել նստելու համար հատկացված տեղերի ընդհանուր թվաքանակը՝ բացի 9 մետրից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների, որտեղ կանգնած ուղևորների միջև պահպանվում է առնվազն 1 մետր հեռավորություն։

Ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցում արգելվում է վարորդի կողքին ուղևորի նստեցումը: Ավտոտրանսպորտային միջոցները պարտադիր ապահովվում են ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներով և մեկանգամյա օգտագործման թաց անձեռոցիկներով:

Պարերատան որոշմամբ՝ ուղևորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր պետք է տեղադրվեն ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ, պարտադիր է նաև կանխիկ վճարման համար նախատեսված արկղերի կամ տարաների տեղադրումը։

Բացառվում է առանց ուղևորի կողմից անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակի և ձեռնոցի նստեցումը և երթևեկը։ Ուղևորները պարտադիր պետք է ախտահանեն ձեռքերը ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցներով։

Տրանսպորտային միջոցից օգտվելիս անհրաժեշտ է ունենալ մանրադրամ՝ ուղևորավարձի չափով՝ հնարավորինս բացառելով մանր վերադարձնելու անհրաժեշտությունը։

Տրանսպորտային միջոցների վարորդները պարտադիր հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով օրական առնվազն 2 անգամ պետք է ջերմաչափվեն, որոնցից մեկը՝ աշխատանքի ներկայանալիս: Նրանք պարտադիր պետք է կրեն անհատական պաշտպանության միջոցներ՝ եռաշերտ պաշտպանիչ դիմակ և ձեռնոցներ, որոնք փոխվում են 3 ժամը մեկ։

Երկարատև երթուղիների ժամանակ խմելու ռեժիմի կազմակերպման համար օգտագործվում է միայն ջուր՝ անհատական տարաների մեջ կամ մեկանգամյա սպասք: Յուրաքանչյուր երթուղու ավարտին (երկար տարածությունների և երկարատև՝ ավելի քան 3 ժամ տևողությամբ երթուղիների ժամանակ՝ նաև ընթացքում) ուղևորներին իջեցնելուց հետո պետք է իրականացվի սրահի օդափոխություն, նստելատեղերի, անհատական տեսամոնիտորների պլաստմասե/մետաղյա/ կաշվե և այլ մասերի, սանհանգույցի առկայության դեպքում՝ նաև դրա կանխարգելիչ ախտահանում ախտահանիչ անձեռոցիկներով (կամ ախտահանիչ միջոցների լուծույթներով) շփման կամ ցողման եղանակով:

Յուրաքանչյուր օրվա ավարտին պետք է իրականացվի տրանսպորտային միջոցի եզրափակիչ ախտահանում մասնագիտացված կազմակերպությունների միջոցով՝ պայմանագրային հիմունքներով:

Համավարակի շրջանում գործող տրանսպորտային միջոցները պետք է ախտահանվեն օրն առնվազն 2 անգամ, որից մեկը՝ պարտադիր նախաուղերթային հատվածում:

Սպասասրահները, սանհանգույցները և սննդի կետերը պետք է ախտահանվեն պարտադիր կերպով և պարբերաբար՝ նվազագույնն օրը 2 անգամ։

Մետրոյում ևս սպասասրահներում բացառվում են մարդկանց խիտ կուտակումներ, վագոններում ապահովվում է ուղևորների հնարավորինս նոսր նստեցում: Մետրոպոլիտենի դեպքում մեկ երթուղու ընթացքում յուրաքանչյուր վագոնում ուղևորների առավելագույն քանակը չի կարող գերազանցել 70-ը:

Տրանսպորտային կազմակերպությունը նշանակում է կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու և պետք է ապահովի կանոնների պահպանումը։ Կազմակերպությունը հնարավորինս ձեռնպահ է մնում կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց՝

Պարետատան որոշմամբ արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև հունիսի 13-ը։ Հայաստանում մայիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 4044-ի։ Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 52 է, առողջացել է 1666 պացիենտ։