AM
15 Մայիս 2020 - 09:55 AMT

ՀՊՏՀ ռեկտորը՝ Գոգյանի մասին․ Հրաժարական է տվել՝ ոլորտում կայանալու անկարողությունից

Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականի իրական պատճառն իր ղեկավարած ոլորտում կայանալու անկարողությունն է, հայտարարել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը։

«Հատկանշական է, որ որոշակի «արժեհամակարգից», «անընդունելի հովանավորչությունից», «անխախտ սկզբունքներից» խոսող «ասպետը» ինձ փորձում է վարկաբեկել՝ պաշտոնը թողնելուց հետո։ Բարեփոխումների և արժեքների ջատագովն իր գործունեության ընթացքում նախ պետք է իրականում որևէ կերպ փորձեր փոխել իր ղեկավարած համակարգը»,- ասել է Գալոյանը։

Նա նշել է, թե Գոգյանի՝ գրագողության մասին հայտարարությունները երկու տարի շարունակ «ամբոխահաճությունից այն կողմ չանցան» և չդարձան մշակված որևէ փաստաթղթի կանոններ:

«ՀՀ ԲՈԿ-ը ստեղծեց մասնագիտական խորհրդի աշխատանքի նոր կանոնակարգ, որը հակասում էր 1997-ի օգոստոսի 8-ին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված, իսկ հետագայում ՀՀ կառավարության այլ որոշումներով փոփոխված «ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգ»-ին։ Արդյունքում, մոտ 6 ամիս, դադարեցվել էր բոլոր գործող մասնագիտական խորհուրդների գործունեությունը, որոնք հետագայում վերաբացվեցին և սկսեցին գործել նախկին տրամաբանությամբ։ Մեկ այլ որոշմամբ էապես կրճատվեցին նաև ընդունելի տպագիր պարբերականները, իսկ դրանց մի մասը որոշ ժամանակ անց կրկին դարձան ընդունելի»,- հայտարարել է նա՝ հավելելով, թե դատապարտում է սեփական անհաջողությունն այլոց վրա բարդելու արատավոր պրակտիկան:

Ավելի վաղ ԲՈԿ նախագահի պաշտոնից ազատման դիմում գրած Գոգյանը նշել է, որ կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը Գոգյանի հեռանալը համարել էր Հայաստանի կրթության, գիտության համակարգի ամենախոշոր պարտություններից է։