ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինծառայության զորակոչի ենթակա քաղաքացիները, ովքեր համավարակի պատճառով չեն կարողացել ժամանակին երկիր վերադառնալ, իրենց տվյալները պետք է ուղարկեն [email protected] էլ.փոստին՝ հետագա իրավական գործընթացները կանոնակարգելու և, ըստ հնարավորության՝ նրանց տեղափոխումը ՀՀ կազմակերպելու համար, հայտնել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Սեփանյանը։
«Այս պահին հաշվառվել են զորակոչի ենթակա տասնյակ քաղաքացիներ, որոնց տվյալներն ուղարկվել են ՀՀ զինվորական կոմիսարիատ ճշգրտումներ կատարելու նպատակով։ Միաժամանակ, ՀՀ ՊՆ ստորաբաժանումները ԱԳՆ-ի հետ համատեղ նաև անհատական իրազեկման աշխատանքներ են իրականացնում։ Այս ընթացքում Պաշտպանության նախարարությունը արտերկրում բնակվող զորակոչի ենթակա քաղաքացիներից և նրանց ծնողներից ստացել է տասնյակ զանգեր, որոնք ուղղորդվել են ըստ կարգի»,– գրել է Ստեփանյանը։
Նա հայտնել է, որ առաջին հնարավորության դեպքում դեսպանությունը կապ կհաստատի գրանցված քաղաքացիների հետ և կտեղեկացնի Հայաստան վերադառնալու հնարավոր տարբերակների մասին։
ՀՀ դեսպանությանն ուղղված նամակում անհրաժեշտ է գրել քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի սերիան և համարը, ծննդյան ամսաթիվը, հաշվառման վայրի զինկոմիսարիատի անվանումը կամ ՀՀ-ում հաշվառման հասցեն, տվյալ երկրում գտնվելու վայրն ու բջջային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, Viber, WhatsApp-ը։
Ստեփանյանը նշել է, որ ՊՆ-ն արտաքին գործերի նախարարությունների համագործակցությամբ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով ապահովվել և շարունակում է ապահովվել արտերկրում բնակվող զորակոչի ենթակա քաղաքացիների իրազեկման գործընթացը։
ՊՆ խոսնակը տեղեկացրել է նաև, որ անձնագրի ժամկետը լրացած լինելու դեպքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու նպատակով հայրենիք վերադարձող քաղաքացիներին ՀՀ վերադարձի վկայականը տրամադրվում է անվճար:
ՊՆ-ն հորդորում է արտերկրում բնակվող զորակոչի ենթակա քաղաքացիներին կապ հաստատել արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների հետ ՀՀ վերադարձը կազմակերպելու և օրենքով սահմանված պարտականությունները կատարելու նպատակով։






