AM
15 Մայիս 2020 - 11:46 AMT

Պատգամավոր Բաղդասարյանի հանդեպ բռնության քրգործով կալանավորված կա

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի ուղղությամբ հեծանիվ վարած և բռնության սպառնալիք հնչեցրած անձը կալանավորվել է:

Մայիսի 11-ին Բաղդասարյանը հաղորդում էր ներկայացրել, թե իր ծառայողական պարտականությունները կատարելու պատճառով անհայտ անձն իր վրա է վարել հեծանիվը, որից հետո իր հասցեին հնչեցրել է բռնություն գործադրելու սպառնալիք:

Մայիսի 13-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով (պատժվում է տուգանքով, կամ կալանքով` առավելագույնը 1 ամիս, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով), որն ընդունվել է վարույթ: Քրեական գործով որոշում է կայացվել Նիկոլայ Բաղդասարյանին տուժող ճանաչելու մասին:

Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, որը Էջմիածինի բնակիչ է՝ ծնված 1980թ.: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: