AM
18 Մայիս 2020 - 13:54 AMT

Կորոնավիրուսը հետ է գցել ՀՀ-ում դիակիզարանի կառուցման աշխատանքները

Հայաստանում դիակիզարանների ստեղծման շուրջ տարվող աշխատանքներն «արագացված տեմպերով են» արվում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին ասաց «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ ՀՈԱԿ-ն արդեն ունի նախագծերը, աշխատանքները շուտով կսկսվեն:

«Կորոնավիրուսը մեր պլաններին խանգարեց, բայց հուսով եմ՝ այս տարի կկառուցվեն դիակիզարանները», – նշեց Իսկանդարյանը՝ հավելելով, որ համավարակի պայմաններում դիակիզարանների կարիք կա:

«Աշխատում ենք արագացված տեմպերով: Բացի այդ, տարվա ավարտին կունենանք նաև պետական գերեզմանատուն՝ նախատիպային, որտեղ կտրամադրենք միայն տիպային գերեզմանատեղեր և թույլ չենք տա, որ մարդիկ անեն այն, ինչ ուզում են», – նշեց Իսկանդարյանը՝ հավելելով, որ նոր պետական գերեզմանատանը տեղերը կհատկացվեն պետական հատուկ չափանիշներին համապատասխանելու պայմանով:

Նա հավելեց, որ ՀՈԱԿ-ն այժմ նաև թվայնացման գործընթացի մեջ է, և 2 ամսից հասանելի կլինի «Բնակչության հատուկ սպասարակման» գործունեության առցանց տարբերակը:

2019-ի նոյեմբերին Իսկանդարյանը հայտնել էր, որ 2020-ին ՀՀ-ում միանգամից 2 դիակիզարան կբացվի և ամերիկյան ու եվրոպական ստանդարտներին համապատասխանող կանաչապատ գերեզմանատներ:

Երևանում գործող 21 գերեզմանատան ընդհանուր տարածքը 530 հա է: 2019 թվականի դրությամբ Երևանում կա 90 պուրակ և զբոսայգի՝ 213 հա ընդհանուր տարածքով: Քաղաքապետարանից ստացված տվյալների համաձայն՝ մայրաքաղաքում գերեզմաններն ավելի շատ տարածք են զբաղեցնում, քան կանաչ տարածքները: