AM
25 Մայիս 2020 - 06:26 AMT

Փաշինյան․ Մեքենայի մեջ 2-ից ավելի մարդու դեպքում դիմակը պարտադիր է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում զգուշացրել է կորոնավիրուսի համաճարակին դիմակայելու նպատակով ամենուր դիմակ կրելու անհրաժեշտության մասին, անգամ փողոցում զրուցելիս։

Մայիսի 25-ից դիմակ կրելը բոլոր փակ տարածքներում պարտադիր է, բացօթյայում պարտադիր է դրա առկայությունը։ Պարետի որոշմամբ՝ պահանջը խախտելու համար սահմանվում է 10,000 դրամ տուգանք։

Փակ տարածքները տնտեսվարող սուբյեկտների հոգածության պարագա են, և պետք է քաղաքացիների մուտքը թույլ տրվի միայն դիմակի առկայության դեպքում:

«Ավտոմեքենայի մեջ՝ միայն դիմակով, աշխատանքի վայրում՝ միայն դիմակով, որևէ բան գնելիս՝ միայն դիմակով, կանգառում տրանսպորտի սպասելիս՝ միայն դիմակով, փողոցում զրուցելիս՝ միայն դիմակով»,- ասվում է գրառման մեջ։

Վարչապետը նաև հայտարարել է, որ մասնագետների հետազոտությունը ցույց է տալիս՝ դիմակի կրման կարգապահությունը հնարավորություն կտա «զրոյացնել կորոնավիրոսով վարակի դեպքերը»։ Նա հավելել է, որ ավտոմեքենայում մեկից ավելի մարդու առկայության պարագայում, բոլորը պետք է դիմակով լինեն, նույնիսկ եթե նույն ընտանիքի անդամներ են։