Ոստիկանությունը՝ անդրադառնալով դիմակ չունենալու համար ուժի կիրառմամբ քաղաքացուն բերման ենթարկելու միջադեպին, հայտարարել է, որ քաղաքացին բերման է ենթարկվել՝ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջին չենթարկվելու համար:
Միջադեպը տեղի է ունեցել Երևանում՝ մի խումբ ոստիկաններ գետնին են տապալել քաղաքացուն և ուժի կիրառմամբ բերման ենթարկել՝ դիմակ չկրելու համար: Ակտիվիստ Մանուել Մանուկյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։
Միջադեպին անդրադարձել են նաև ԱԺ մի շարք պատգամավորներ, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը և ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Պետրոսյանը, մասնավորապես, կարծում է, որ «այդ ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից»։
«․․․Ոչ մի պատճառաբանություն հիմնավոր համարվել չի կարող… Ահա հետ (այսպես կոչված) հեղափոխական Հայաստանը: Հալալ ա մեր կառավարության ղեկավարին:
Հա, ի դեպ, Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանում բարձրագույն արժեքը մարդն է…»,- ասվում է գրառման մեջ:
Իսկ Էդմոն Մարուքյանին հետաքրքրում է, թե ոտքը մարդու գլխին դնելու հիմնավորում կա արդյո՞ք:
«Լավ դե սա անելու բան չէ… ոտքը մարդու գլխին դնելու հիմնավորում կա արդյո՞ք: Հուսով եմ` արագ ծառայողական քննություն կսկսվի ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասով»,- գրել է նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքայն իր էջում գրել է, որ ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով կարող է և պետք է ուժ կիրառի:
«Ոստիկանությունն ուժային կառույց է, և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է և պե՛տք է ուժ կիրառի: Սա իմ պահնջն է ոստիկանությունից սա նաև հանրության պահանջն է ոստիկանությունից»,- ասվում է գրառման մեջ։
ՀՀ-ում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված դիմակ կրելը Պարետի որոշմամաբ պարտադիր է նաև բաց տարածքում։ Այս պահանջը խախտելու համար 10,000 դրամ տուգանք է նախատեսված։






