AM
9 Հունիս 2020 - 08:36 AMT

Փաշինյան․ ԱԱԾ-ն պետք է ավելի էֆեկտիվ արձագանքի անվտանգության մարտահրավերներին

Ազգային անվտանգության ծառայությունը պետք է ավելի էֆեկտիվ կարողանա արձագանքել անվտանգության ոլորտի մարտահրավերներին։ Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ ԱԱԾ ղեկավար կազմին ներկայացնելով նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին:

«ԱԱԾ-ն ուժեղ, կայացած, դինամիկ կառույց է, բայց մարտահրավերներին արձագանքելու տեմպը, արագությունը, որակն անընդհատ բարելավվելու կարիք ունեն․․․ Ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ, սկսած ընթացիկ ամենամեծ խնդրից՝ կորոնավիրուսի համավարակից, շարունակած տեղեկատվության անվտանգության, քաղաքական անվտանգության և մնացած բոլոր խնդիրներով՝ կոռուպցիայի դեմ պայքարի, կոռուպցիոն գործերի քննության որակի և դինամիկայի հետ կապված: Այդ հարցերը պետք է լուծենք»,- ասել է վարչապետը:

Նա նկատել է՝ 2 տարին բավարար ժամանակ էր, որպեսզի ԱԱԾ բոլոր աշխատակիցները դիրքավորվեն հեղափոխության, այսինքն՝ ժողովրդի իշխանության և նրա արժեքների նկատմամբ: Հիմա պետք է ամփոփել, թե տրված հնարավորությունն ով ինչպես է օգտագործել, և այս առումով պետք է հնչեն շատ կոնկրետ պատասխաններ. «2018-ին ինձ համար կարևորագույն խնդիր է եղել ուժային մարմիններում ապահովել համակարգերի կայունությունը, ստեղծել հնարավորություններ, որպեսզի բոլորը, ովքեր ունեն դրա մղումը և ձգտումը, ադապտացվեն և դիրքավորվեն նոր իրողությունների նկատմամբ: Եվ հիմա, ինչպես ասում են, եկել է արդյունքներն ամփոփելու ժամանակը»:

Կառավարության ղեկավարը մեկ այլ կարևոր խնդիր է համարել պաշտոնեական առաջխաղացման հնարավորությունը։ Փաշինյանի խոսքով՝ պետք է ապահովել, որ գերատեսչական համերաշխությունը որևէ մեկի համար չարաշահելու և ծառայության կանոններին ու շահերին հակառակ գործելու առիթ չդառնա:

Դիմելով Քյարամյանին՝ վարչապետն ասել է, որ նրա ուսերին բարդ առաքելություն է դրվում։

«Համոզված եմ, որ կկարողանաք ԱԱԾ պրոֆեսիոնալ, կարող, ազնիվ ներուժը համախմբել Ձեր շուրջ և ԱԱԾ-ն նոր հաջողությունների, նոր փառքի և նոր իմիջի հասցնել»,-ասել է նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն ազատվել է պաշտոնից, տնօրեն է նշանակվել գնդապետ Արգիշտի Քյարամյանը։